Բնակարան ՎԶ-17
Բնակարանը բաղկացած է բաց խոհանոցով ընդհանուր սենյակից, երկու ննջարանից իրենց սանհանգույցներով։ Ի սկզբանե, բնակարանի հատակագծային լուծումն այնպիսին էր, որ ընդհանուր սենյակի կենտրոնական հատվածում գոյություն ուներ ե/բ սյուն։ Դա իր անհարմարությունն էր ստեղծում տարածքի գոտևորման ժամանակ։ Ինտերյերի դիզայնը մշակելիս, այդ սյան շուրջ որոշվեց հավաքել հեռուստացույցի պատը և սյունը դարձնել ինտերյերի բաղկացուցիչ տարրը։ Դրան կից, ստորին հատվածում ձևավորված է պատվանդան, որը նախատեսված է քանդակի ցուցադրման համար։ Ետևի պատը երեսապատված է օնիքս բնական քարով:
Ընդհանրապես, ամբողջ բնակարանը ձևավորված է բնական նյութերի կիրառմամբ՝ նախապատվությունը տալով քարին։ Այսպես, ընդհանուր սենյակի հատակն ամբողջությամբ երեսապատված է մարմարի սալերով։ Խոհանոցում, ի հակակշիռ, բաց փղոսկրյա գույնի ներկված փայտին, օգտագործված են սև գրանիտ ու դեղին օնիքի բարակ գոտի։
Մեծ ննջարանի սանհանգույցը երեսապատված է սպիտակ մարմարի խոշոր սալերով, իսկ ցնցուղարանի պատը շեշտված է կապույտ օնիքսով, որն իր մեջ պարունակում է բնության հազարամյա շերտերը և առանձնանում է իր պսիխոդելիկ նկարվածքով։
Ննջարաններին, ավելի ջերմություն պարգևելու նպատակով, կիրառված են փայտի տեսակներ։ Հատակը հավաքված է ամերիկյան մուգ կաղնու տախտակներով։ Կահույքը պատրաստված է, ննջարաններից մեկում բնական կաղնու նրբատախտակով, մյուսում՝ վենգեի։ Առաստաղի լուսատուն, ինչպես նաև կահույքը, պատրաստված է էքսկլյուզիվ պատվերով, և ձևավորված է յուրաքանչյուր ննջարանի փայտի տեսակին համապատասխան։
Տան տերերը հայտնի են արվեստի աշխատանքների իրենց լայն հավաքածուով։ Հյուրասենյակում, բազմոցի ետևի պատը նախատեսված է գեղանկարչական աշխատանքների ցուցադրման համար։ Այդ նպատակով, նկարների ցուցադրման համար ամբողջ պատի երկարությամբ տրված են առաստաղի ռելսային լուսատուներ։ Նույն լուսատուի տիպից էլ տրված է միջանցքում, որտեղ նախատեսված են լուսանկարչական աշխատանքների ցուցադրություն։
Վայրը՝ Հյուսիսային պողոտա, ք․ Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2016-2017
Մակերեսը՝ 187,0քմ