20-րդ դարի սկզբում կառուցված շենքերից մեկի առաջին հարկում տեղակայված բնակարանն ամբողջովին խարխուլ վիճակում էր: Մասամբ, դեպի բակային հատված, կցակառույց էր ավելացված, որը ծառայում էր որպես խոհանոց և խորդանոց: Բնակարանի ինտերիերի ճարտարապետությունը մշակելիս, անհրաժեշտություն առաջացավ հատուկ ուշադրություն դարձնել և համապատասխան լուծումներ տալ շենքի կոնստրուկտիվ համակարգի ուժեղացման աշխատանքներին: Դրանով հնարավորություն ընձեռնվեց որոշ սենյակներ միավորել և հատակագծային լուծումը վերանայել:
Հաշվի առնելով սենյակների փոքր չափերը և ոչ բավարար բնական լուսավորությունը, հիմնական գունային համակարգը առաջարկվել է լուծել բաց գույների ներկապնակով՝ սպիտակի երանգներից մինչև բաց մոխրագույն: Որպես կոնտրաստ օգտագործված է մգեցված կաղնու փայտը:
Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2019
Մակերեսը՝ 67,0քմ
Ինտերիերի դիզայնը մշակելիս հաշվի է առնվել պատվիրատուի կողմից նախապես գնված կահույքի ոճը: Դա թելադրել է ինտերիերում պահպանել դասական ոճը: Վերջինս արտահայտված է հյուրասենյակում, ննջարաններում, սանհանգույցներում: Հյուրասենյակի դասական ոճից մեղմ անցում կատարելով՝ առաջարկվել է խոհանոցը ներկայացնել արտ դեկո ոճով: Այն իրենից ներկայացնում է փայլուն մակերևույթով պահարաններ՝ համատեղված մուգ շագանակագույն մարմարով:
Բնակարանի ընդհանուր գունային համակարգը պահված է բաց բեժից դեպի մուգ շագանակագույն և ոսկեգույն: Տեքստիլի և որոշ էլեմենտների օգնությամբ ներմուծված է նաև կանաչը:
Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2018
Մակերեսը՝ 141,0քմ
Բնակարանը երիտասարդ ընտանիքի համար է, որը հաճախ հյուրընկալում է իր ընկերներին և ապահովում աշխույժ ժամանց: Հաշվի առնելով պատվիրատուի սկանդինավյան դիզայնի նախապատվությունը և վառ տարածք ստանալու ակնկալիքը, առաջարկվել է ընդհանուր վրձնահարվածներով պահպանել սպիտակ պատեր և բնական կաղնու մանրահատակ համադրությունը՝ ներառելով կահույքի և տեքստիլի բազմերանգ էլեմենտներ:
Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2018
Մակերեսը՝ 99,0քմ
Բնակարանի տերը արվեստի սիրահար է և ունի մեծ հավաքածու: Ինտերիերը ձևավորելիս հատուկ տեղ է տրվել էքսպոզիցիայի ներկայացման համար: Այն դարձել է ինտերիերի բաղկացուցիչ էլեմենտ:
Ընդհանուր սենյակի կոմպոզիցիոն կենտրոն հանդիսանում է հյուրասենյակի գոտին իր երկու միմյանց առջև գտնվող պատերով, որոնցից մեկի վրա հավաքված է հեռուստացույցի կահույքը, մյուսի՝ կվադրիպտիխ-կոմպոզիցիա:
Ընդհանուր առմամբ, բնակարանի ինտերիերը ներկայացված է ջերմ երանգների մեջ, մասնակիորեն կոնտրաստի օգտագործմամբ:
Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2008
Մակերեսը՝ 103 ,0 քմ
Նախագծված առանձնատունը գտնվում է Երևանի արվարձաններից մեկում:Կառույցը բաղկացած է երկու հարկից: Ունի հարթ շահագործվող տանիք: Գլխավոր մուտքը կազմակերպված է հյուսիսային կողմից՝ երթևեկելի ճանապարհին կից հատվածում: Կոնստրուկտիվ համակարգը կարկասային է:
Առաջին հարկում նախատեսված են ընդհանուր սենյակը բաց խոհանոցով և վերջինիս կից տնտեսական սենյակ, ննջարան իր հանդերձարանով և սանհանգույցով, հյուրերի սանհանգույց նախասրահին մոտ և ավտոնտակ: Երկրորդ հարկում նախագծված են ննջարաններ իրենց կից սանհանգույցներով: Աստիճանավանդակի հատվածում կազմակերպված է բաց տարածություն, որպես հանգստի սենյակ, որից տրված է ելք դեպի դարատափ՝ շահագործվող տանիք: Ննջարանները հավաքված են հարավային մասում: Աստիճանավանդակը գտնվում է հորինվածքի կենտրոնում: Այն վերևից պսակվում է ապակյա երդիկով: Հյուրասենյակի գոտին լուծված է ավելի բարձրառաստաղով /4.5 մ նիշով/: Այն հատվածը, որտեղ կատարվում է առաստաղի նիշերի անկում, վերևից և ճակատային մասից <<անջատվում է>> ապակյա նեղ ժապավենաձև գոտիով:
Ճակատները երեսպատված են բազալտե և տրավերտինե սալերով: Հարավ ուղորդված ճակատում տրված են մեծ ապակյա վիտրաժներ, որոնցով առանձնատունը կապվում է ներքին բակի հետ: Հյուսիսային ճակատը գլխավոր մուտքի կողմն է, որտեղ տրված են նոսր նեղ բացվածքներ: Տրավերտինի սալերը տրված են 35սմ բարձրությամբ և տարբեր երկարություններով: Շարը հորզոնական ուղղությամբ է, խառը չափերով: Որոշ հատվածներում համատեղված է բազլտե սալերով, որոնք տրավերտինե շարից ետ են տեղադրված 5սմ-ով: Վերջիններս ռելիեֆային են հորիզոնական նեղ փորվածքներ են:
Ներքին բակի հատվածը կազմակերպված է ջրային ավազանով կասկադի տեսքով՝ համատեղված հետիոտն հարթակների կանաչ գոտիների հետ:
Առանձնատունը գտնվում է Երևանի արվարձաններից մեկում: Այն երկհարկանի կառույց է լանջավոր տանիքներով: Գլխավոր մուտքը կազմակերպված է արևելյան ուղղությամբ՝ ճանապարհին կից: Ընդհանուր սենյակն ունի արևմտյան կողմորոշում, որտեղից բացվում է մուտք դեպի դարատափ և ներքին այգի: Ամբողջ հյուրասենյակի տարածքը լուծվում է երկրորդ լույսով: Արևմտյան ճակատում մեծ բացվածքների շնորհիվ հյուրասենյակից հնարավորություն է տրված երեկոյան հետևել արևամուտին:
Նջարանները հավաքված են հարավային ճակատին կից: Երկրորդ հարկի ննջարանն ունի հարավ-արևմտյան կողմորոշում, բաց պատշգամբ: Այդտեղից դեպի հարավ բացվում է տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը:
Առանձնատան արտաքին պատերի հարդարման համար օգտագործված է տեղական շինանյութ՝ տրավերտին քարը: Սալահատակը երեսապատված է բազալտե սալերով:
Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2016-2018
Մակերեսը՝ 360,0 քմ
Բնակարանը գտնվում է բազմաբնակարան շենքի վերջին (մանսարդային) հարկում: Բնակարանի ընդհանուր տարածքը բաղկացած է նախամուտքի, հյուրասենյակի, ճաշասենյակի և խոհանոցի գոտիներից: Ընդհանուր լուսավորության համար նախատեսված առաստաղի ներկառուցված գծային ԼԵԴ լուսատուները միավորում են բոլոր գոտիները միմյանց հետ:
Հարդարման մեջ օգտագործված են բաց երանգներ և բնական նյութեր, ինչպիսիք են՝ տրավերտինե սալեր, փայտ և այլն:
Ընտանիքն ունի գեղանկարների և արվեստի այլ ստեղծագործությունների հարուստ հավաքածու: Այն ներկայացնելու համար հատկացված պատերի երկայնքով տրված են ռելսային ԼԵԴ լուսատուներ: Լուսանկարներում ներկայացված են Վազգեն Բրուտյանի https://ardean.am/ և Ալբերտ Հակոբյանի գեղանկարները:
Ընդհանուր տարածքի երկայնական առանցքով, միմյանց առջև գտնվող լայնական պատերից մեկը շեշտված է տրավերտինե մեծ սալերով, իսկ մյուսը՝ ներկառուցված փայտե մակերևույթից պահարաններով: Յուրաքանչյուր պատն ունի թաքնված լուսավորություն:
Վայրը՝ ք․ Երևան, Հայաստան
Իրականացման տարեթիվը՝ 2017-2018
Մակերեսը՝ 248,0 քմ
Կրթահամալիրը նախագծված է Լոռվա մարզի գյուղ Դեբեդի համար: Ընդհանուր հողատարածքը կազմում է 4,2հա մակերես: Գլխավոր կառույցը Կրթահամալիրն է, որի ընդհանուր մակերեսը 920,0քմ: Տարածքում տեղակայված են նաև հյուրատան, բժշկական կենտրոն/մանկապարտեզի կառույցները, գոյություն ունի մարզական գոտի երկու մարզադաշտերով, ինչպես նաև գյուղատնտեսական տարածք մեղվաբուծության համար և ջերմոցներ:
Հայեցակարգի հիմքում ընկած է սարդոստայնի գաղափարը, որպես ինովացիոն տեխնոլոգիաների, համացանցի արտահայտում: Իր նկարվածքով սարդը կերպարանավորվել է Կրթահամալիրի տեսքով, որն իր «ոտքեր»-ով տարածվել է հողատարածքով և ուղղվել դեպի գեղատեսիլ համայնապատկերը: Երկրորդ հարկից և տանիքից իջնում են կանաչ «ոտքեր»/ թեքահարթակներ և ձուլվում լանդշաֆտի հետ՝ կազմելով սերտ միասնականություն:
Կառույցը երկհարկանի է նկուղային/տեխնիկական հարկով: Գլխավոր ճակատը ուղղված է դեպի հյուսիս, այդ իսկ պատճառով այն լուծված է հիմնականում խուլ մակերեսներով և նեղ ապակեպատ ճեղքերով: Հարավային կողմում տեղադրված են լսարանները: Վերջիններս ավարտվում են մեծ ապակեպատ հարթություններով, որտեղից բացվում է Լոռվա բնությունը:
Վայրը ՝ գ.Դեբեդ, Լոռվա մարզ, ՀՀ
Իրականացման տարեթիվ ՝ 2015թ․
Մակերեսը ՝ 7000,0 քմ
Երևանում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան ճարտարապետական և կոնստրուկտորական ալբոմի պատրաստում և հեղինակային հսկողություն:
Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ
Լոռու մարզ, գ. Դեբեդ, Սմարթ Կենտրոն կրթահամալիրի հեղինակային հսկողություն: